Նորութիւններ

120-ԱՄԵԱՅ ՉԱՐԵՆՑԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

30 Նոյեմբեր 2017

  «Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը եւ արքան, մարդու, հայրենիքի այս յարատեւ կռուի ոչ մի պահը չուրացած եւ ոչ մի մարտը չշրջանցած, արիւն տուող գահակալ բարձունքի հասած մարտիկը»,- այսպէս է Եղիշէ Չարենցի մասին գրել արձակագիր Հրանտ Մատթէոսեանը:
  Նոյեմբերի 28-ին Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարան-հանրակրթական դպրոց համագործակցութեան շրջանակում համալսարանի հայ նոր և նորագոյն գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի նախաձեռնութեամբ «Խորէն եւ Շուշանիկ Աւետիսեան» կրթահամալիրում իրականացուեց միջոցառում՝ նուիրուած Եղիշէ Չարենցի ծննդեան 120 եւ մահուան 80 ամեակներին:
  Միջոցառմանը մասնակցում էին կրթահամալիրի աշակերտները եւ այնտեղ իրենց ամփոփիչ-գնահատողական պրակտիկան անցած չորրորդ լսարանի 9 ուսանողներ: Իրենց դերասանական խաղով ու երաժշտական կատարումներով առանձնացան աշակերտներ ՆուէրՊետրոսեանը (12-րդ դասարան), Շալիկօ Եղիազարեանը (9-րդ դասարան), ԹագուհիՍիմոնեանը (11-րդ դասարան), Արմենուհի Հովակիմեանը (11-րդ դասարան), Նարէ Բագրատունեանը (7-րդ դասարան), բանասիրական ֆակուլտետի երրորդ լսարանի ուսանողուհի Անի Ղալաչեանը, մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողՍեւակ Յովհաննիսեանը:
  Հանդիսութիւնը յագեցած էր Չարենցի ստեղծագործութեան տարողունակութեամբ ու հանճարեղութեամբ, բանաստեղծի մարդկային տեսակի եզակի կոլորիտով։ Ներկաները վայելեցին բանաստեղծի ստեղծագործութիւնները, ինչպէս նաեւ ունկնդրեցին դրանց հիման վրա ստեղծուած երգերը՝ կարծես ականատեսն ու ուղեկիցը լինելով բանաստեղծի թեկուզեւ կարճ, բայց հարուստ ու խորը հետք թողած կենսագրութեան․ծննդավայր Կարսից մինչեւ կապուտաչեայ հայրենիքի փնտռտուքներ, առաջին աշխարհամարտից մինչեւ 30-ականների հաւատաքննութիւն, մինչև 1937-ի այն առաւօտը, երբ ընդհատուել է բանաստեղծի երկրային կեանքը։
  Միջոցառմանը ներկայ էին դպրոցի բարերար Հայ Աւետարանչական ընկերակցութեան Հայաստանի ներկայացուցիչ Յարութ Ներսէսսեանը, ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Աշոտ Գալստեանը, հայ նոր եւ նորագոյն գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրէն, բ.գ.դ., պրօֆ. Սուրէն Դանիէլեանը, բ.գ.թ., դոցենտ, նոյն ֆակուլտետի պրակտիկայի ղեկավար Լուսինէ Գալստեանը, ֆակուլտետի դեկանի՝ուսումնական գծով տեղակալ, բ.գ.թ., դոցենտ Նաիրա Խաչատրեանը, կրթահամալիրի տնօրէն Մելանյա Գեղամեանը, դպրոցի ողջ ուսուցչական կազմը եւ աշակերտները: Միջոցառումն իրականացուեց համալսարանի հայ նոր եւ նորագոյն գրականութեան ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Քնարիկ Աբրահամեանի եւ համալսարանի պրակտիկայի վարչութեան մասնագէտ Գարունա Երանոսեանի անմիջական ջանքերով:
  Հանդիսութեան աւարտին իրենց շնորհակալական խօսքով հանդէս եկան դպրոցի տնօրէնը, ով իր խօսքում շեշտադրեց Չարենց բանաստեղծի ներկայութիւնն իր հոգեաշխարհում ու նրա հաղորդած ստեղծագործական լիցքերը:
  Իր դրական տպավորութիւնները ներկաների հետ բաժանեց Յարութ Ներսէսսեանը: Իսկ ահա ամբիոնի վարիչ Սուրէն Դանիէլեանը գնահատեց այն, որ Չարենցը ներկայացաւ ոչ սովորական ձեւաչափի մէջ. «Մեր առջեւ Չարենցն էր՝ իր մարդկային ու բանաստեղծական ներուժով: Ու այսօր, այս հանդիսութեամբ, մենք հաստատում ենք, որ 1937-ին, բանաստեղծի մահով նրա կյանքը չի ընդհատուել, որովհետեւ այսօր մենք, ուսուցիչ թէ աշակերտ, դասախօս թէ ուսանող, բարբառում ենք Չարենց: Սա է թերեւս ամենակարեւոր դասը»:
  Միջոցառման աւարտին տիկին Մ. Գեղամեանը իր շնորհակալական խօսքն ասաց պրակտիկանտ ուսանողներին եւ նուէրներ յանձնեց:

Թերէզա Բարսեղեան
բանասիրական ֆակուլտետի 4-րդ լսարանի ուսանողուհի