Նորութիւններ

ԵՐԿԽՕՍՈՒԹԻՒՆ ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՒ ՀՀ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻՋԵՒ

17 Հուլիս 2017

 

  Յուլիսի 17-ին Խ. Աբովեանի անուան Հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացաւ ՀՀ Կրթութեան նախարար Լեւոն Մկրտչեանի հանդիպումը Մանկավարժական համալսարանում վերապատրաստուող շուրջ 17 երկրներից ժամանած սփիւռքահայ ուսուցիչների հետ: Նախարարը ընդգծեց, որ աշխարհի տարբեր երկրներում սփռուած հայութեան համար առաջնային խնդիր է գրագէտ եւ բանիմաց ուսուցիչ ունենալը, եւ վերապատրաստութեան բազմաբնոյթ ծրագիրը կոչուած է առաջին հերթին լուծելու այս խնդիրը:
  Պրն. Լ. Մկրտչեանը սիրով ընդունեց նաեւ սփիւռքահայ ուսուցիչների՝ միացեալ ելեկտրոնային հարթակ ստեղծելու առաջարկը, ինչն անշուշտ նպաստելու է աշխարհի տարբեր ծագերում գործող մանկավարժներին կիսուել սեփական փորձով, խնդիրներով եւ հնարաւորինս հասնել կրթական ընդհանուր դաշտի ստեղծման:
Անդրադառնալով արեւմտահայերէնի ցաւոտ խնդրին՝ Պրն. նախարարը յայտնեց, որ արեւմտահայերէնը եւ արեւմտահային յուզող խնդիրները ոչ միայն ՀՀ Սփիւռքի նախարարութեան, այլեւ ՀՀ Կրթութեան նախարարութեան ուշադրութեան ծիրում են եւ վստահեցրեց, որ մօտ ապագայում Հայաստանում բացուելու է Արեւմտահայերէն ուղղուածութեամբ յատուկ դպրոց, որը լինելու է իւրատեսակ արեւմտահայերէնի ուսուցման կենտրոն:
  Այդ առիթով Լ. Մկրտչեանը յիշեցրեց, որ Խ. Աբովեանի ան. մանկավարժական համալսարանում գործող «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը սկսել եւ տարիներ շարունակ նորագոյն շրջանում զբաղուել է սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի մշակումով եւ իրագործմամբ, տիրապետում է հիմնախնդիրներին եւ առաջարկում է լուծման ուշագրաւ նոր եղանակներ:
  Հանդիպման աւարտին նախարարը համակ ուշադրութեամբ լսեց տարբեր համայնքներից ժամանած ուսուցիչների տարաբնոյթ հարցերը եւ տուեց օրուան համեմատ սպառիչ պատասխաններ: Նա ընդգծեց, որ Սփիւռքը Հայաստանի կրթական համակարգի բաղկացուցիչն է, եւ կրթութեան որակի բարձրացումը կախուած է նաեւ Սփիւռքում գործող ուսուցչի աշխատանքից: Նախարարը վստահեցրեց ուսուցիչներին, որ իւրաքանչիւրի ձայնը լսելի է իր համար. ՀՀ Կրթութեան նախարարութիւնը պատրաստ է լայնածաւալ համագործակցութեան: