ԳԼԽԱՒՈՐ

 

ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն,
Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի Պրօֆ.


Մենք գիտակցում ենք, որ վերջին 90 տարին արեւմտահայերէնը եւ արեւմտահայ գրականութիւնը շարունակական նահանջի, մարումի, վայրէջքի սուր ոլորաններում են: Մենք աշխատում ենք այն բարձր գիտակցութեամբ, որ սատարում ենք ամենակուլ նահանջի, ուծացման դէմ Դոն Քիշոթի յամառութեամբ կռուող Սփիւռքի հայ ուսուցչին: Մեր գերագոյն նպատակը նրան ժամանակակից կրթութեան բովանդակութեամբ զինելն է, ուսուցչի մասնագիտացումին տէր դարձնելը: Ահա թէ ինչու տարիներ առաջ ձեռք ենք զարկել միասնական դասագրքերի, մեթոդական անհրաժեշտ ձեռնարկների պատրաստութեան: Մենք նրա համար ապահովում ենք ոչ միայն արեւմտահայ եւ արեւելահայ բազային առանձին մակարդակներ, այլ նաեւ դասաւանդման արդիւնաւորութեան տեակէտից բխող ուղղագրական, գրալեզուաային միջավայր:
Լեզուն մտածողութիւն է: Այն պաշտպանել նշանակում է ապահովել հայ մարդու վաղուայ հայեցի օրը: Եթէ հայի ազգային մայր կրթութիւնը ապահովուի, նա տասնամեակներ անց այլեւս չի ունենայ լինելութեան երկուութեան բարդոյթներ, որոնք կարճ ճանապարհով ամերիկահային զուտ ամերիկացի են դարձնելու, արգենտինահային` արգենտինացի:
Նման պարագային մենք սփիւռքահային ենք կորցնում: Հայրենիքը թուլանում է իր ազգային մարդկային պաշարների, հաւաքական ամբողջութեան մասնատման արդիւնքում: Իր ինքնութիւնը կորցնելու ճանապարհին է արեւմտահայը, նրա մշակոյթի առկայ վիճակը միասնական ժողովրդի ջլատման առաջին ցուցիչն է: Հայրենիք ունենալով հանդերձ` մենք հոգու միջնաբերդ ենք կորցնում:
Ահա թէ ինչու է կեանքի կոչուել «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը, որը արեւմտահայ մշակութային պաշտպանութեան առաջին օջախն է նորանկախ Հայաստանում:
Ահա թէ ինչու պարզ, բայց տարողունակ նշանառութեամբ, խանդով ենք մօտենում մեր ընտրած կարգախօսին` «Միասնական Կրթական Ճանապարհ» :
Միասնակա´ն, այսինքն` հայութիւնը համախմբող կրթական արժէքների ճանապարհ: Այն ընդգրկում է մեր առօրեան եւ գործօն նպատակները: Սպասման մէջ գտնուողի եւ կորուստներ արձանագրողի վիճակը առաջին հերթին պիտի յաղթահարենք ինքներս մեր մէջ:
Արեւմտահայն ու չերկրորդուած հայ լեզուն պիտի շարունակեն վերելքի ճամբան մեր ունկերում: Չթողնե´նք, որ թանգարանային արժէք դառնան արեւմտահայ եւ սփիւռքահայ գրականութեան ածուները, յիշե´նք շահնուրեան ահազանգը` «Կը նահանջէ˜ լեզուն»: Չթողնե´նք, քանի որ այս ամէնը մե´ր հարստութիւնն է:
Մե´րն է արեւմտահայ մշակոյթը, մե´րն է արեւմտահայերէնը, մե´րն են Սփիւռքի պատմութիւնն ու բարդոյթները:
Իսկ սա նշանակում է, որ մե´նք պիտի տէր կանգնենք մեր միասնական գրականութեանն ու լեզուին, որպէսզի արեւմտահայն ու արեւելահայը գիտակցեն, թէ ինչ իրաւունքներ ունեն իրենց ինքնութեան պաշտպանութեան համար, քանի որ ինքնութիւնը ծաւալւում է մշակոյթից:
Սիրելի´ այցելու, ծանօթացիր այս կայքէջին եւ խորհի´ր, թէ ինչպէս պէտք է հայրենիքում առաւել նպատակային ուղղութիւն հաղորդել Սփիռքին վերաբերող կրթամշակութային աշխատանքներին, որոնք անցած մէկուկէս տասնամեակում Կենտրոնը ընտանի են դարձրել արտերկրի բոլոր գաղթօջախներում:

 

Կայքէջի հովանաւորը

Լոս Անճելըսի «Պոլսահայ Միութիւն» կազմակերպութիւն (ատենապետ` Սիմոն Աճըիլաճ)

Միութեան Մայր Վարչութեան ատենապետի պաշտօնը այսօր վարում է ճարտարագէտ Սիմոն Աճըիլաճը, որի ծառայութիւնը հետապնդում է գերագոյն նպատակ՝ երեք նուիրական հասցէներով՝ Հայրենիք, Ծննդավայր, Լոս Անճելըս։
2001 - 2006 թթ. եւ 2009-2010 թթ. Միութեան անդամները` Ս. Աճըիլաճի գլխաւորութեամբ, իրենց շարունակական աջակցութիւնն են բերում «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի աշխատանքներին` կարեւորելով արեւմտահայ լեզուի եւ գրականութեան դերը, բերելով արժեքաւոր նպաստ հայրենիքում արեւմտահայ կրթամշակութային արժէքների եւ Մեսրոպեան ուղղագրութեան պաշտպանութեանը, Սփիւռքի եւ հայրենիքի ուսուցիչների, ուսանողութեան դասընթացների կազմակերպմանը:

կարդալ աւելին

Ռուբէն Միրզախանեանի խօսքը

Ռուբէն ՄիրզախանեանՌՈՒԲԷՆ ՄԻՐԶԱԽԱՆԵԱՆ
Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմ. գիտութիւնների դոկտոր, Պրօֆ.

Սիրելի´ բարեկամներ,

Ես նորերս եմ ստանձնել Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտօնը, բայց անմիջապէս ասեմ, որ նոր մարդ չեմ այստեղ: Քաջ գիտեմ նրա հիմնախնդիրները, պատկերացնում եմ զարգացման ուղղութիւնները:
Իմ գործնական նպատակներից մէկը հայ կրթական ու գրամշակութային Սփիւռքի հետ հորիզոնական կապերի ամրապնդումն է: Քիչ բան չի արուել մինչեւ իմ գալը: Ամէնից կարեւորը «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի ստեղծումն էր, որը բարձրաձայնեց իր մասին սփիւռքահայ եւ հայրենի ուսուցիչների համար անցած տասը տարիներին կազմակերպած որակաւորման դասընթացներով: Կենտրոնը համբաւ ձեռք բերեց, արեւմտեան հայաշխարհի լաւագոյն մասնագէտների հետ մշակեց ուսումնամեթոդական ծրագրեր ու կեանքի կոչեց դրանք:

կարդալ աւելին